Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է

Ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է
15.03.2016 | 16:56

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Աժ-ում լրագրողների հետ զրույցում պնդեց, որ ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է: «Ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է, որի վերաբերյալ հստակ դիրքորոշում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանը՝ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի նախկինում տված փորձագիտական եզրակացություններին համահունչ: Այդ հարցի շուրջ իշխանություններն իրենց տեսակետը կներկայացնեն առաջիկա քննարկումների ընթացքում, իսկ եթե դուք ցանկանում եք իմանալ իմ անձնական կարծիքը, ես կարծում եմ, որ ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է»,- ասաց նա:
Թե ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ստորագրված ցուցակների հրապարակումը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Դա կարող է ճնշումների դաշտ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում, որ հանրայնացվի իրենց՝ քվեարկության մասնակցել կամ չմասնակցելը»: Դիտարկմանը, թե հիմա անվստահության մթնոլորտ է ստեղծվում, Վիգեն Սարգսյանը նկատեց, որ անվստահության մթնոլորտի դեմ հարկավոր է պայքարել: «Պետք է պայքարենք այնպես, որ բոլորը վստահ լինեն, որ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ»,- ասաց Սարգսյանը: Պնդմանը, որ ընդդիմությունը և հանրությունը թերահավ են և պահանջում են ընտրական ցուցակների հրապարակում, Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Թերահավատությունը լավագույն բարեկամը չէ: Ցուցակները հրապարակված են, դրանք շուտվանից գոյություն ունեն համացանցում, ռեգիստրը բոլորի համար բաց է: Այն համակարգերը, որոնք դրվել են տարիների ընթացքում բավականին հզոր մեխանիզմներ են վերստուգման համար: Իհարկե, այն քաղաքական ուժերը, որոնք չունեն բավականաչափ մարդիկ նույնիսկ տեղամասերում վստահված անձ լինելու համար, բնականաբար, դժվարանում են այդ ցուցակների հետ որակյալ աշխատանք կատարել, սակայն դա չի կարելի ամբողջությամբ իշխանությունների վրա թողնել»: Վիգեն Սարգսյանը հավելեց, որ ցուցակների հետ կապված հարկավոր է նայել դինամիկան: «Մենք մշտապես ցուցակների հետ խնդիրներ ունեցել ենք, սակայն 2012-2013թթ. ընտրությունների ժամանակ բոլոր դիտորդները ամրագրել են, որ ցուցակները որակապես փոփոխվել են և գտնվում են շատ ավելի հաջող վիճակում: Այնուհետև հաջորդ ընտրությունների ժամանակ սկսել է հայտնվել նոր ձևակերպում, որ կա ընկալում, թե ցուցակների հետ կա խնդիր: Ընկալումների դեմ պայքարելն ավելի դժվար է, քան փաստերի: Այսինքն, եթե կան փաստեր, որ ցուցակում կան մարդիկ, ովքեր չպետք է այնտեղ լինեն, եթե կան կրկնության դեպքեր, յուրաքանչյուր դեպքի հետևից պետք է գնալ: Դա քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության պատասխանատվությունն է: Դրա համար կան վստահված անձինք, կան հանձնաժողովի անդամներ, և այդ աշխատանքը պետք է կանոնակարգված ձևով անել: Ենթադրություններով, ընկալումներով առաջնորդվելու եղանակով շատ երկար ճանապարհ հնարավոր չէ անցնել»,- եզրափակեց նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ